ՀԳՏՏԶՀ-ի և իր հաճախորդ ընկերությունների մասնակցությունը Ավստրիայում Հայաստանի Դեսպանատանը կայացած Հայկական Սննդամթերքի և Խմիչքների ցուցահանդեսին
Սույն թվականի փետրվարի 20-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունն Ավստրիայի զարգացման գործակալության և Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի հետ համատեղ Ավստրիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների ստեղծման 25-ամյակի կապակցությամբ, դեսպանության «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի օրգանական պարենային մթերքների և խմիչքների ցուցահանդես, որին մասնակցեցին օրգանական սննդամթերքի արտադրության ոլորտում Ավստրիայի զարգացման գործակալությունից և Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամից աջակցություն ստացած հայաստանյան ավելի քան 10 ընկերություններ:
Ցուցահանդեսին ներկա էին Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության, էկոնոմիկայի և գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, զարգացման գործակալության, առևտրատնտեսական պալատի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Վիեննայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ավստրիայում, ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում հավատարմարգված դեսպաններ, Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի ներկայացուցիչներ, Ավստրիայի մեծածախ ու մանրածախ առևտուր իրականացնող խոշոր և միջին ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հայկական արտադրության մթերքների և խմիչքների հյուրասիրություն և ընդհանուր առմամբ արձանագրվեց բավականին բարձր հետաքրքրություն ընկերությունների արտադրանքի նկատմամբ:
Պետք է նշել, որ Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամը կարևորում է իր մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին, քանի որ վերջիններս հնարավորություն են ընձեռում իր հաճախորդ և պոտենցիալ հաճախորդ ընկերություններին ստեղծել նորանոր երկարաժամկետ գործարար կապեր, ինչպես նաև ամրապնդել իրենց դիրքերը արտասահմանյան շուկաներում՝ ավելացնելով արտահանումների ծավալները: