Մասնակցություն Wolves 8-րդ գագաթնաժողովին
Հայաստանում Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամի տնօրեն պարոն Ալեքսանդր Քալանթարյանը մասնակցել է սույն թվականի հոկտեմբերի 23-ից 24-ը Վարշավայում կայացած Wolves 8-րդ գագաթնաժողովին:
Wolves գագաթնաժողովը կոնֆերանս է սկսնակ ընկերությունների, ներդրողների, ձեռնարկատերերի, կորպորացիաների ներկայացուցիչների համար: Գագաթնաժողովի նպատակն է ստեղծել աճի հնարավորություններ նոր ստեղծվող ընկերությունների համար, ծանոթացնել նրանց ներդրումային միջավայրին, ինչպես նաև հնարավորություն ընձեռնել նրանց ներկայացնելու իրենց գաղափարները: Նորարարական լուծումների և համադրման գործիքների կիրառումը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկա գտնվելու բազմաթիվ ցանցային միջոցառումներին, ստեղծելու պոտենցիալ գործընկերների ավելի նեղ շրջանակ՝ պլանավորելով 1:1 հանդիպումներ նրանց հետ:
Wolves 8-րդ գագաթնաժողովը կենտրոնացած էր Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի երկրների վրա, որի ընթացքում տեղի ունեցան բազմաթիվ ճանաչողական պանելային քննարկումներ և զեկույցներ նորարարությանը վերաբերող բոլոր թրենդային թեմաներով: Wolves 8-րդ գագաթնաժողովի ընթացքում կազմակերպվել են 2987 1:1 հանդիպումներ:
Գագաթնաժողովի ընթացքում պարոն Ա.Քալանթարյանը հանդիպումներ է անցկացրել Եվրոպական Ներդրումային Բանկի, PARP-0 Գրուպ PRF-ի, Լեհաստանի Գործարար Ֆորումի, ինչպես նաև Էստոնիայից, Լեհաստանից և Բուլղարիայից ժամանած սկսնակ ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ամենարդյունավետ հանդիպումներից մեկը կայացել է Լեհաստանի միջազգային զարգացման հիմնադրամի ներդրումների գծով ղեկավար պարոն Զբիգնև Գլուչովսկու հետ, որի ընթացքում կողմերը համաձայնության են եկել շարունակելու համագործակցությունը երկու Հիմնադրամների միջև և համաֆինանսավորելու լեհական այն ընկերություններին, որոնք պլանավորում են ներդրումներ իրականացնել Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում: