Խորհրդատվության տրամադրում ՀԳՏՏԶՀ հաճախորդ ընկերություններին գերմանական ˝SES˝ ավագ փորձագետների ծառայության կողմից
Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հրավերով՝ սույն թվականի սեպտեմբերի 01-ից մինչև սեպտեմբերի 21-ը Հայաստանում է գտնվում գերմանական «SES» ավագ փորձագետների ծառայության փորձագետ Դոկտոր, պրոֆեսոր Կոնրադ Օտտոն, ով, հանդիսանալով էկոտրոֆոլոգ, մասնագիտացած է խմիչքի և սննդի զգայական տեխնոլոգիաների ոլորտում և ունի երկար տարիների աշխատանքային փորձ մրգի և բանջարեղենի վերամշակման, պահածոյացված և սառեցված սննդի, երեխաների համար նախատեսված սննդի, մեղրի, խմիչքի (բացառությամբ՝ գարեջուրը) արտադրության ոլորտներում: Նա նաև մասնագիտացած է որակի ապահովման (լաբորատոր քիմիական հետազոտություն), օրգանական հողագործության և վերամշակման, ինչպես նաև հիգիենայի կառավարման ոլորտներում:
Փորձագետի այցի նպատակն է ծանոթանալ Հիմնադրամի հաճախորդ ընկերությունների, մասնավորապես «Մեղրու պահածոների գործարան» ՓԲԸ, «Եղեգնաձորի պահածոների գործարան» ՓԲԸ և «Գևորգյան» գինու գործարան, արտադրական գործընթացներին և տրամադրել խորհրդատվություն պահածոների արտադրության տեխնոլոգիաների վերաբերյալ, մշակել նոր բաղադրատոմսեր, ինչպես նաև կատարելագործել արդեն իսկ առկա բաղադրատոմսերը, իրականացնել հավելումների օգտագործման մոնիթորինգ, ստուգել և բարելավել սննդի անվտանգության և որակի վերահսկման ընթացակարգերը, ինչպես նաև տրամադրել խորհրդատվություն ծախսերի կրճատման վերաբերյալ:
Այցի ավարտին փորձագետը մանրամասն հաշվետվություն կներկայացնի ընկերություններում կատարված ուսումնասիրությունների և տրամադրված խորհրդատվության վերաբերյալ: